Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ՀՀ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիա-ն:
«Կոմերսանտը» գրում է, որ այն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախարար Սերգեյ Ցիվիլևի անունից։ Այնտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։
«Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանմանը և զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային համաձայնագրերն են», - նշվում է նամակում։
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ «Կոմերսանտին»։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես չի արձագանքել հրատարակության հարցմանը։
2013 թվականի համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը մշտապես վերացրել է նավթամթերքի, գազի և ադամանդների արտահանման մաքսատուրքերը դեպի Հայաստան։ Սա ևս մեկ քայլ էր երկրի ԵԱՏՄ–ին անդամակցելու ուղղությամբ։