Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Այս մասին այսօր Գյումրիում նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Գյումրիում պետք է իրականացնենք ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որ Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, Արթիկը, հանրապետության մյուս քաղաքներ, ու ընդհանրապես, ինչպես ՀՀ-ն է ծաղկում։ Հեղափոխությունը պետք է բերի իր օգուտներն ու Գյումրի քաղաքի իր կառավարումը»:
Վարչապետն անդրադարձավ նաև շրջանառվող տեղեկություններին, թե Գյումրին, այսպես ասած, աչքաթող է արվում, քանի որի ինքը նեղացած է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից։
«Ասում են, թե Նիկոլը նեղացած ա Գյումրիից, որ ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուները քաղաքապետ չեն դարձել, դրա համար քաղաքում էս վիճակն է․․․»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ չի մոռանում, որ 2021թ․ Գյումրուց շուրջ 60 տոկոս ձայն է ստացել, բացի այդ ընդունում է, որ Գյումրին ուրույն կոլորիտով քաղաք է։
Փաշինյանը հավելեց՝ այս պահից սկսած Գյումրուն առնչվող բոլոր հարցերը լինելու են իր անձնական վերահսկողության տակ։