Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Կովկասի մուսուլմանների վարչության վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Բաքվի բռնապետական ռեժիմի բարբարոսություններն արդարացնող՝ կրոնական քողի տակ թաքնված խայտառակ և էժանագին սպասարկություն։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։
Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։
Երբ որևէ հոգևոր կառույց արդարացնում է վանդալիզմը, այն դադարում է կրոնական լինելուց և վերածվում է ոճրագործի հանցակցի։ Բայց ոչ պակաս հանցակից է նաև միջազգային հանրությունը։ Ձեր կույր և խուլ լռությունը, ձեր ստանդարտացված ու անկարող «մտահոգությունները» Բաքվին տալիս են անպատժելիության անսահմանափակ լիցենզիա։
Մենք խստագույնս պահանջում ենք վերջ տալ միջազգային դիվանագիտական կեղծավորությանը: Իրավապաշտպան, կրոնական և մշակութային կառույցները (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն) կամ դուրս են գալիս վախկոտ դիտորդի կարգավիճակից և կոշտ պատժամիջոցներ պահանջում Ադրբեջանի դեմ, կամ հավասարապես կիսում են այս մշակութային ցեղասպանության մեղքը։ Անհրաժեշտ է անհապաղ գործուղել անկախ միջազգային առաքելություն՝ Արցախ, մշտադիտարկելու խայտառակ ավերածություններն ու պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսության հեղինակներին ու կատարողներին։
Բարբարոսի բուլդոզերն ու պատվերով գրված վարչական հայտարարությունները չեն կարող ջնջել հայկական պատմությունը։ Արցախի եկեղեցիների քարերը նույնիսկ ավերված վիճակում ավելի զորեղ են, քան ձեր ողջ պետական քարոզչամեքենան»։