ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«2026 թվականին աշխարհի շուրջ 50 երկրներում տեղի են ունենալու համապետական ընտրություններ (ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Իսրայել, Հունգարիա, Շվեդիա, Դանիա, Պորտուգալիա, Լատվիա, Սլովենիա, Բրազիլիա, Կոլումբիա և այլն):
Սակայն դրանցից ոչ մեկը ճակատագրական չի լինելու տվյալ երկրի համար: Եվ միայն հունիսի 7-ի մեր խորհրդարանական ընտրություններն են, որ ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության գոյության համար:
Աստված մի արասցե, որ ՔՊ-ն կրկին կառավարություն ձևավորելու իրավունք ստանա: Այդ դեպքում կարող եք համարել, որ հաջորդ տարիներին «արձանագրվելու է» Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վերջին արարը:
Կարող եք համարել, որ Հայաստանը հայտնվելու է (Ռուսաստան + Իրան + Չինաստան ընդդեմ (Ադրբեջան + Միջինասիական երկրներ + Թուրքիա + հավաքական Արևմուտք) ռազմաքաղաքական ու տնտեսական մամլիչի տակ:
ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»: Հետևեք Իրանի և Ուկրաինայի շուրջ զարգացումներին, փորձեք վերլուծել այն և դժվար չի լինի հասկանալ, թե ՔՊ-ին իշխանության պահելով, ինչպես են Հարավային Կովկասում նոր հակամարտության համար «կազուս բելե» ստեղծելու: Ակնհայտ է, որ Արցախով չեն բավարարվել, այն ընդամենը պանթուրանիզմի ծրագրի իրագործման առաջին քայլերն էին: Հաջորդը քայլերը փորձելու են անցկացնել Սյունիքով:
ՔՊ-ի վերընտրությամբ կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կրկին դրվել է մեծ հարցականի տակ:
Ընտրության իրավունք ունեցող հարգելի գիտակից քաղաքացիներ,նախորդ երկու ընտրությունների ամենածանր հետևանքն Արցախի ցինիկական կերուստն էր: Դա հնարավոր եղավ 2019 և 2021թթ ընտրությունների արդյունքներով: Այդ ընտրություններում շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը:
Խնդրում եմ, գալիք ընտրություններում թույլ մի՛ տվեք, որ խաղան Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ: Անպայման գնացեք ընտրության, ընտրեք կշռադատված ու հիշեք, որ, յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է: Հիշե՛ք, որ սխալվելու դեպքում՝ ուրիշ Հայրենիք ու պետություն չենք ունենալու: Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին»: