Հ1-ը միացել է հակաեկեղեցական արշավին՝ հակառակ իր հանրային լինելու առաքելությանը, այս մասին հայտարարել է Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։
Տեր Հոր խոսքով՝ Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը և Սբ. Նահատակների բարեխոսական կարգը եթեր չհեռարձակելը միայն մատնանշում է այդ հեռուստաընկերության ծառայամիտ փոքրությունը։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրա արդյունքում չի դադարում համայն հայությանը միավորող ազգային և հոգևոր բարձրագույն կառույցը լինելուց, իսկ այս թրքահպատակ ալիքը եթերից զրկելը Եկեղեցուն չի զրկում հանրության սիրուց և հանրային իր առաքելությունից։ Փոխարենը վերահաստատում է քաղաքական պառակտիչ խոսույթ-պրոպագանդային հանրայինի հոժարակամ մասնակից լինելը։
Ցավոք, այս նույն քաղաքականությունն է որդեգրել նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Մի հաստատություն, որը կոչված է լինելու մեր բյուրավոր Սուրբ Նահատակների հիշատակի պահապանը, այսօր ակնհայտորռն տուրք է տալիս դավաճան քաղաքական պատվերներին։ Նման գործելաոճը ստվերում է կառույցի բուն առաքելությունը, որը պետք է վեր լիներ ցանկացած տեսակի իշխանահաճո դրսևորումներից»,- նշել է Տեր Ավետիքը։