Քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասի պատճառով «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու իրացումը Ռուսաստանի տարածքում: Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2026 թվականի ապրիլի 28-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ սեղանի խմելու գազավորված ջրի 17.02.2026թ., 05.03.2026թ., 13.03.2026թ., 12.01.2026թ., 18.11.2025թ., 19.02.2026թ., 24.11.2025թ., 27.03.2026թ., 10.01.2026թ., 22.11.2025թ, և 23.10.2025թ. թողարկված արտադրանքի ներմուծումն ու իրացումը դադարեցնելու համար»։
Բացի դրանից, նշվում է նաև, որ տվյալ արտադրանքը չի համապատասխանում մակնշմամբ ներկայացված տեղեկատվությանը, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ 044/2017 որոշման 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում է:
«Ջրի բաղադրության մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատի՝ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցումը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման ու առողջության վատթարացման»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Ազնիվ նշան» մակնշման պետական համակարգն արգելափակել էր «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակների իրացումը։
Այս առնչությամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել ռուս գործընկերներից՝ ինչպես «Ռոսպոտրեբնադզորից», այնպես էլ «Ռոսսելխոզնադզորից»: