Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծննդյան օրվա առթիվ ուղերձ է հղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով այժմ տնային կալանքի մեջ է։
«Իմ շատ սիրելի եղբոր` Հայրենիքով, Աստծով և պայքարով եղբայրացած, պատվական ծնողների, պատվական ընտանիքի զավակի և պատվական ընտանիք ունեցող մարդու` Արթուր Սարգսյանի ծննդյան տարեդարձն է այսօր:
Արթուրի մասին խոսելն ու գրելը և՛ հեշտ է, և՛ չափազանց դժվար: Հեշտ է, որովհետև այնքան զուլալ է առվակի պես իր կյանքը` պարզ ու ջինջ, և դժվար է, որովհետև այնքան հորդացող և առատ է գետի պես, որ միշտ պակաս կմնաս իրեն ներկայացնելիս:
Եվ այդ պատճառով, եթե մեկ բառով կամ արտահայտությամբ փորձեմ բնութագրել, կասեմ` Արթուրը համակ նվիրում է, մարդ, որը նենգություն չունի, ով անխարդախ ուրախությամբ և անսակարկ տխրությամբ ապրում է մարդու, ընկերոջ, ուրիշի ուրախությունն ու տխրությունը, ում սերը Հայրենիքի, ընտանիքի, ընկերոջ հանդեպ իրենից առաջ է վազում, իսկ ինքն էլ իր սիրուց է առաջ ընկած ապրում, ում հավատարմությունը չի վաճառվել ու վաճառվում:
Սյունյաց աշխարհի, Սիսական երկրի ամբողջ մաքուր և իսկատիպ որակներով, Հայաստան համբուրելի Մեծ Հայրենիքի ցավով ու տառապանքով, զորությամբ և ուրախությամբ ապրող սիրելի եղբայր` Հայրենիքով կապանքված ու Աստծու սիրով ապրող եղբայր, շնորհավո՛ր ծննդյանդ տարեդարձը, որն այսօր նշում ես ֆիզիկական կալանքի, բայց հոգով անսահման ազատության մեջ:
Շնորհակալ եմ քեզ, որ Հայրենիքի մի նոր համ, բույր և գույն ես ավելացրել իմ և, վստահ եմ, հազարավորների կյանքում:
Շնորհակալ եմ և շնորհավորում եմ ծնողներիդ` Լավրենտ հայրիկիդ և Վարդ մայրիկիդ, որ այսքան շքեղ զավակ են ընծայել մեզ:
Շնորհավորում եմ մեծ ու մաքուր հայկական ընտանիքիդ` եղբորդ, քույրերիդ` իրենց բազմանդամ և սիրառատ ընտանիքներով, որը մեզ համար սիրո և ջերմության բացառիկ օրինակ է մեզ համար:
Շնորհավորում եմ և շնորհակալ եմ տիկնոջդ` շատ սիրելի Շուշանին և հրեշտակ զավակներիդ` Լավրենտին, Սոնային, Աշոտին և Արփիին, որ այսքան մեծ` քեզ հետ կրում են, և դեռ մի բան էլ ավելի, նույն ցավն ու ուրախությունը` անտրտունջ և մեծ պատվով:
Եվ վերջապես, շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով` որպես հարազատ ու թանկ նվեր, հարստացրել է իմ և մեր կյանքը:
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, սիրելի եղբայր:
Գիտեմ` քեզ համար քո ծննդյան տոնն ու տարեդարձը կրկնակի արժեք և իմաստ կունենա չարիքից ազատ մեր սիրելի Հայրենիքում: Քեզ համար իրական շնորհավորությունը կլինի միայն Ազատ և Հզոր Հայաստանի ազատության մաղթանքը, երբ Հոգևոր Հայաստանը կհաղթի...
Սիրով և աղոթքով`
Հայրենիքով եղբայրացած
Բագրատ արք. Գալստանյան
28.04.2026»,- ասվում է Սրբազանի ուղերձում։