ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից մեկում։
Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։
Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պահանջ կամ մտահոգություն, հայ- թուրքական սահմանի բացման անհրաժեշտիւթյան հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղղված եվրոպական մտահոգություն և պահանջ այդ զեկույցում չկա։
Երկրորդը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ «Սերժի ժամանակ» Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։
Երրորդը։ Եվրոպական Միության անհանգստությունը, այնուհանդերձ, պահպանվում է Կիպրոսի խնդրի առնչությամբ թուրքական քաղաքականության մասով, ինչպես նաև թուրք-հունական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասով։
Չորրորդը։ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող կառավարիչների պարագայում այդ համապատասխանությունը 30 %-ից ավելի է։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակել է և շարունակելու է իրականացնել բացառապես սեփական շահերից բխող արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որի պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը բացառապես կախված է լինելու հենց թուրքական շահից։ Էլ չեմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գրեթե զրոյացած ջանքերը՝ Հայաստանի գործող ռեժիմի կողմից։
Հինգերորդը։ Հատկանշական է նաև, որ զեկույցի մի մեծ հատված վերաբերում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական մրցակիցների հետապնդման, քաղաքական բանտարկյալների և այլ բազմաթիվ հակաժողովրդավարական զարգացումներին։
Այսինքն՝ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ժողովրդավարական հետընթացների հետ։
Հայաստանի պարագայում այդ ամենի մասին նրանք շարունակում են ցինիկաբար լռել, թեպետ Հայաստանի ներկայիս կառավարիչը իր ձեռագրով և ռեպրեսիաների ուժգնությամբ այլևս շատ քիչ է տարբերվում Էրդողանից, ում եվրոպացիք պարբերաբար դասում են ավտոկրատների շարքին»։