00:00:00

Հայտնաբերվել են Կ. Ուլնեցու փողոցում անկարգությունների առթիվ քննվող քրեական գործով փնտրվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները

23:10, 01 հունիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված  բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարանիշերը, պարզվել, որ դրանցից մեկը գտնվում է «ՖրուտիՄէքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ մյուսը «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվել են նաև խուզարկություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր «ՖրուտիՄէքս» ՍՊԸ –ի տնօրենը գրավոր տեղեկացրել է, որ ընկերությանը  պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան  տեղափոխվել է ոստիկանության բաժնի բակում գտնվող կայանատեղի։ Իսկ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից հայտնել են, որ ընկերությանը պատկանող, քննության համար հետաքրքրություն ներկայացնող   «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի ավտոմեքենան խափանված վիճակում է և մատնանշել կոնկրետ գտնվելու վայրը։ Այս պահին միջոցներ են ձեռնարկվում՝ նշված ավտոմեքենան ևս  Երևան տեղափոխելու ուղղությամբ: Քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ   հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր