Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել France 24-ին և խոսել ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանին պատասխանատվության կանչելու անխուսափելիության մասին։ Բեգլարյանը խոսել է նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին՝ շեշտելով՝ պայքարը շարունակվում է, վերադարձ լինելու է։
«France 24 հեռուստաալիքի գլխավոր «Tête-à-Tête» հաղորդման շրջանակներում ներկայացրել եմ ալիևյան ռեժիմի հանցավոր բնույթը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող շարունակական ցեղասպանությունը: Ի պատասխան մեկ ամիս առաջ նույն հարթակում Ալիևի հնչեցրած կեղծիքների ու զրպարտությունների՝ ընդգծել եմ, որ հենց ինքն է նացիստ առաջնորդ, ում քաղաքականությունը հիմնված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա:
Հայելային մեղադրանքներ և Նյուրնբերգյան դատարանի անհրաժեշտությունը
Արձագանքելով Ալիևի կողմից մեր առաջնորդներին «Հոլոքոստի կազմակերպիչների» հետ համեմատելու կեղծ պնդումներին, դրանք որակել եմ որպես դասագրքային «հայելային մեղադրանքներ»: Իրականությունն այն է, որ հենց Ալիևը պետք է կանգնի ժամանակակից Նյուրնբերգյան դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար: Միջազգային հանրության անգործությունը միայն խրախուսում է այս ցեղասպան քաղաքականությունը:
Պատանդները՝ որպես նվաստացման գործիք
Բաքվում ապօրինաբար պահվող 19 հայ պատանդները, այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը, Ալիևի ձեռքում օգտագործվում են որպես խաղաքարտ՝ հայ ազգին նվաստացնելու համար: Նրանց նկատմամբ կայացված շինծու դատավճիռները արդարադատության խորը ձախողում են և ցեղասպանական մտադրության ուղղակի դրսևորում: Սա կոլեկտիվ պատիժ է մի ամբողջ ժողովրդի դեմ՝ իր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար:
Վաշինգտոնյան հռչակագիրը և մեր իրավունքների անտեսումը
Անդրադարձել եմ նաև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին: Փաստաթղթում Արցախի կարգավիճակի, մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության լիակատար անտեսումը որակել եմ որպես քաղաքական դավաճանություն Հայաստանի իշխանությունների կողմից: Որևէ թուղթ չի կարող երաշխավորել տևական խաղաղություն, եթե այն չի պաշտպանում մեր ժողովրդին, մեր 400 եկեղեցիները և 6,000 մշակութային հուշարձանները բնաջնջման ձգտող վարչակարգից:
Անդրդվելի պայքար վերադարձի իրավունքի համար
Մեր պայքարը շարունակվում է՝ անկախ աշխարհաքաղաքական շահերից: Մենք պահանջում ենք վերադարձ մեր հայրենի տներ՝ միջազգային հստակ անվտանգային երաշխիքների ներքո: Ցեղասպանությունը երբեք չի կարող հիմք հանդիսանալ խաղաղության համար, իսկ արդար աշխարհակարգը պետք է ի վերջո պատասխանատվության ենթարկի Ալիևի հանցավոր վարչակարգին»,- հարցազրույցի հիմնական թեզերն է ներկայացրել Բեգլարյանը: