Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 6:4 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչը:
Կանանց օդամղիչ ատրճանակ 10 մ. մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը՝ 238.8 միավորով: Երկրորդ տեղում Սլովենիայի ներկայացուցիչ Մանյա Սլակն է՝ 238.2 միավորով , իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Կոստադինովան՝ 215.0 միավորով: Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:
Այս մրցաձևում հաղթողներին պարգևատրել են Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: