00:00:00

«Իմ քայլը» հիմնադրամը զգուշացնում է․ կեղծ նամակներ են տարածվում աշխատակցի անունից

20:00, 27 փետրվար 2026 Հասարակություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է, որ իր աշխատակից Զարինե Հարությունյանի անունից տարածվող էլեկտրոնային նամակները կեղծ են և որևէ առնչություն չունեն հիմնադրամի հետ։ Կազմակերպությունը տեղեկացնում է, որ անհայտ անձինք գրանցել են կեղծ դոմեյն և ապատեղեկատվություն են տարածում՝ նպատակ ունենալով վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը, իսկ դեպքի առնչությամբ արդեն ձեռնարկվում են իրավական քայլեր։

«Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը` ստորև):

Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:

Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են projects-mystep.foundation դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝ փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։

Տեղեկատվական բաց հարթակներից տեղեկանում ենք (լուսանկարները` ստորև), որ տվյալներն այդ դոմեյնի մասին ամբողջությամբ փակ են, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հասցեները, որոնք բացվել են այդ դոմեյնով, արդեն ապաակտիվացված են:

Քանի որ նամակում նշված տեղեկատվությունը հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասին ամբողջությամբ սուտ է, մենք սա գնահատում ենք որպես նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում՝ ուղղված հիմնադրամի լայնածավալ բարեգործական թափանցիկ գործունեության և վստահության դեմ։

Հիմնադրամի 6 տարվա աշխատակից Զարինե Հարությունյանը, որի անունը շահարկվել է այս գործողություններում, պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ օգնելու բացահայտել  իր անվան ապօրինի օգտագործմամբ զանգվածային ապատեղեկատվություն տարածող անձանց:

Հորդորում ենք մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, շահառուներին և հանրության ներկայացուցիչներին` եթե ստանաք նմանատիպ նամակներ նույն կամ մեր այլ աշխատակիցների անուններից, չարձագանքել դրանց, չտարածել բովանդակությունը և անհապաղ տեղեկացնել հիմնադրամին պաշտոնական կապի միջոցներով։

Վստահեցնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հաղորդակցությունն իրականացվում է միայն հիմնադրամի պաշտոնական հարթակներից և հաստատված էլեկտրոնային հասցեներից։

Տվյալ դեպքի վերաբերյալ արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական քայլեր։ Շնորհակալ ենք մեր գործունության հանդեպ բարձր վստահության և հավատի համար: Այն մեզ համար խթան է` շարունակելու մեր հանրօգուտ գործունեությունը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Նամակի բովանդակությունը

Հարգելի Հայաստանի քաղաքացիներ,

Ես՝ Զարինե Հարությունյանս՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական, ուզում եմ հայտարարել հիմնադրամում դրամական միջոցների հափշտակման մասին: Աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ դրամական խարդախությունների վկա եմ եղել:

Ինչպես շատերին հայտնի է, Աննա Հակոբյանին արդեն ոչ թե մի անգամ մեղադրել են դրամական միջոցների հափշտակման մեջ: Այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, և ես պատրաստ եմ հաստատել դրանք:

Ինձ հաջողվել է պարզել, որ վերջին տարիների ընթացքում Աննան հանել է ավելի քան 4 միլիոն դոլար նվիրատվություն:

Ես չեմ կարող անտարբեր նստել և լուռ հետևել կատարվողին: Ինձ ցավում է տեսնել, թե ինչպես են հայ ժողովրդին ամենաթող ձևով խաբում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում արդեն ներկայացված է դիմում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա չեմ կարող տարածել Ա. Հակոբյանի խարդախություններին առնչվող ապացուցող փաստաթղթերը:

Հափշտակումը հաստատող ապացույցներն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նաև փաստաթղթերն ուղարկվել են բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Transparency International-ին:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, և ողջ ճշմարտությունը կբացահայտվի:

Իմ կողմից կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի Աննա Հակոբյանի կողմից դրամական խարդախության ապացույցները մոտ ժամանակներս հրապարակվեն հանրային հասանելիության մեջ»,- ասված է «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր