«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։
Մեր աղբյուրների գնահատմամբ՝ առաջիկա օրերին ՔՊ-ականները կենտրոնանալու են սեփական քաղաքական «գովազդի» վրա՝ սոցցանցերում հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով և ինքնագովազդային ուղերձներով։ Սակայն, թե որքան արդյունավետ կլինի այս մեխանիզմը վերջնական ընտրության վրա ազդելու առումով, դեռ դժվար է կանխատեսել։