2026 թվականի մարտի 1-ից Վրաստանում փոխվում են օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային կանոնները, գրում է aliq.ge-ն:
Փոփոխությունները նախատեսված են «Ապօրինի աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի և տեղական աշխատաշուկայի պաշտպանության ու զարգացման նպատակով»՝ «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը;
Մարտի 1-ից օտարերկրյա քաղաքացու օրինական աշխատանքի համար պարտադիր կլինի․
- աշխատանքային պայմանագրի կնքումը,
- «աշխատանքային գործունեության իրավունք» ունենալը,
- գործող բնակության թույլտվությունը կամ D1 կատեգորիայի վիզան։
Գլխավոր նորամուծություն՝ «աշխատանքային գործունեության իրավունք»
Օտարերկրյա քաղաքացու հետ առանց «աշխատանքային գործունեության իրավունքի» աշխատանքային կամ ծառայությունների պայմանագիր կնքելն արգելվելու է։
Այդ իրավունքը տրամադրող մարմին է սահմանվել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, որին դիմում է գործատուն։
Նախարարությունն օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տալու կամ մերժելու համար ունի առավելագույնը 30 օր ժամանակ։
Աշխատանքային գործունեության իրավունքի բացակայությամբ աշխատանքը կհանգեցնի տուգանքի թե՛ օտարերկրացու, թե՛ գործատուի համար։
Օտարերկրացիների աշխատանքի սահմանափակման օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Վրացական երազանք» խմբակցության հետևյալ պատգամավորները՝
- Շոթա Բերեկաշվիլի,
- Անտոն Օբոլաշվիլի,
- Մարիամ Լաշխի,
- Գիորգի Բարվենաշվիլի,
- Իրակլի Մեզուրնիշվիլի,
- Լևան Մաճավարիանի,
- Զազա Լոմինաձե,
- Վախտանգ Թուրնավա,
- Իրակլի Կիրխալիա։
Պարզաբանման մեջ նշված է, որ գործող օրենսդրությամբ օտարերկրացու աշխատանքի համար պարտադիր էր միայն նրա գրանցումը աշխատանքային միգրացիայի էլեկտրոնային համակարգում, և պետությունը չուներ մերժման մեխանիզմներ։ Սա, ըստ հեղինակների, հանգեցնում էր ոչ որակավորված կամ չափից շատ աշխատուժի ներհոսքի, ինչը հարվածում էր տեղական աշխատաշուկային։
Օրենքի հիմնական դրույթները
Հոդված 13⁴ – Աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրում
- Օտարերկրյա աշխատողը պարտավոր է աշխատանքային գործունեության իրավունք ստանալ՝
- գործատուի միջոցով (եթե աշխատում է կազմակերպությունում),
- անձամբ (եթե ինքնազբաղված է)։
- Նախարարությունը հարկ եղած ժամանակ կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
- Դիմումի քննարկման ժամկետը՝ մինչև 30 օր։
- Ծառայության վճարը՝ մինչև 500 լարի։
- Իրավունքը տրվում է միայն կոնկրետ գործատուի կամ կոնկրետ մասնագիտության համար։
Հոդված 13⁵ – Հետագա պարտավորություններ
- Եթե օտարերկրացին դեռ Վրաստանում չէ՝ պարտավոր է 30 օրվա ընթացքում դիմել D1 վիզայի համար։
- Եթե արդեն Վրաստանում է՝ 10 օրվա ընթացքում դիմում է աշխատանքային բնակության թույլտվության համար։
- Պայմանագրի դադարեցման կամ փոփոխության դեպքում գործատուն պարտավոր է 5 օրվա ընթացքում տեղեկացնել նախարարությանը։
- Իրավունքի երկարացման դիմումը պետք է ներկայացվի առնվազն 30 օր առաջ։
- Որոշումները կարող են բողոքարկվել դատարանում, սակայն բողոքարկումը՝ մինչև վերջնական որոշումը, աշխատելու իրավունք չի տալիս։
Հոդված 13⁶ – Մերժման հիմքեր
- Թերի փաստաթղթեր,
- Դիմումի ժամկետի խախտում,
- Մասնագիտության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին,
- Մասնագիտությունների ցանկում լինելը, որոնք սահմանափակված են օտարերկրացիների համար,
- Արտաքսման գործընթացի սկսված լինելը։
Հոդված 16¹ – Տուգանքներ
- Առանց աշխատանքի իրավունքի աշխատող օտարերկրացի – 2000 լարի,
- Նրան աշխատանքի ընդունած գործատու – 2000 լարի յուրաքանչյուր աշխատողի համար,
- Կրկնվող խախտման դեպքում՝ տուգանքները կրկնապատկվում կամ եռապատկվում են։
Հոդված 16² – Աշխատանքային տեսչությանը խոչընդոտելը
- Տուգանքները տատանվում են 1000-ից 7000 լարի` կախված գործատուի եկամտից,
- Ինքնազբաղված օտարերկրացու համար՝ 5000 լարի։
2026 թվականի մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքի համակարգը անցնում է թույլտվությունների մոդելի, որտեղ պետությունը ստանում է իրական վերահսկողություն.
- ով է աշխատում,
- ինչ մասնագիտությամբ,
- որ գործատուի մոտ,
- արդյոք այդ մասնագիտությունը պահանջված է տեղական աշխատաշուկայում։
Սակայն ընդդիմադիր շրջանակներում արդեն հնչում են մտահոգություններ, որ այս մոտեցումը կարող է
- բյուրոկրատացնել բիզնես միջավայրը,
- նվազեցնել ներդրումային գրավչությունը,
- խթանել ստվերային զբաղվածությունը։
Ըստ փորձագետների՝ օրենքի փոփոխությունները Վրաստանում օտարերկրյա աշխատանքի համար ստեղծում են խիստ վերահսկվող, պետականորեն կարգավորվող համակարգ, որը մի կողմից պաշտպանում է տեղական աշխատաշուկան, բայց մյուս կողմից ռիսկեր է պարունակում տնտեսության ճկունության և բիզնես ազատության համար։
Ըստ սպասումների՝ միայն մարտի 1-ից հետո պարզ կդառնա՝ արդյոք այս մեխանիզմը կաշխատի որպես կարգավորող գործիք, թե կվերածվի նոր բյուրոկրատական արգելքի։
Insource խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Մեդեա Տաբատաձեն ուշադրություն է հրավիրում մի քանի մտահոգիչ հանգամանքների վրա, որոնք դժվարացնում են գործընթացը գործատուների համար։ Նրա խոսքով՝ օրենքը նախարարությանը թույլ է տալիս մերժել ընկերությանը օտարերկրացու աշխատանքի տեղավորման հարցում այն պատճառաբանությամբ, որ տվյալ մասնագիտության գծով շուկայում արդեն իսկ կադրերի ավելցուկ կա։ Սակայն հայտնի չէ, թե ով և ինչպես է չափում այդ «ավելցուկը»։
«Գործատուի վիճակը կդժվարացնի սպասման ժամանակահատվածը։ Նա ստիպված կլինի սպասել 30 օր օտարերկրացուն աշխատանքի տեղավորելու թույլտվություն ստանալու համար։ Նաև` հստակ չափանիշներ սահմանված չեն։ Օրինակ՝ ես ոչ մի տեղ չտեսա, թե որոնք են այն չափանիշները, երբ նախարարությունը կմերժի ընկերությանը՝ ասելով, թե տվյալ մասնագիտության գծով, որի համար հայտ է ներկայացվել, առաջարկի ավելցուկ կա։ Ինչո՞վ է որոշվում այդ ավելցուկը՝ քանակական, թե՞ որակական ցուցանիշներով։ Նաև հնարավոր է՝ հիմա մեկ աշխատողի համար հայտ ներկայացնելը մեծ ճնշում չլինի, բայց որոշակի ֆինանսական պարտավորություն է առաջանում։
Մի կողմից, եթե այս նախաձեռնությունն առանձին դիտարկենք, վատ չէ, պարզապես անհրաժեշտ է, որ կանոնները հստակ ձևակերպված լինեն։ Ի՞նչ է նշանակում մասնագիտության նկատմամբ պահանջարկի ավելցուկ, ինչպե՞ս ենք դա չափելու, և ե՞րբ է գործատուն մերժում ստանալու։
Լավ կլիներ այս առումով ավելի մեծ հստակություն լիներ, որպեսզի ընկերությունները կարողանային պլանավորել, թե երբ վարձեն օտարերկրացուն, և արդյոք պետք է նման պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»,- ասել է Insource-ի կառավարող գործընկեր Մեդեա Տաբատաձեն։