Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունները․
«Ես` Տեր Ներսես քահանա Խանանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին»:
Հայր Վաչե Մկրտչյանը գրում է․ «Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող և պառակտիչ: Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:
Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով:
• Երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն,
• Երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն,
• Երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն,
սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը: Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը:
Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից»։
Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը գրում է․ «Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին:
Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը»:
Տեր Համբարձում քահանա Դանիելյանը գրում է․ «Որդիական անվերապահ հավատարմությամբ մնում եմ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալ ազգընտիր Վեհափառ Հայրապետին։ Դատապարտում եմ մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացը»։