Ռուսաստանն Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների և օբյեկտների տեղակայումը կդիտարկի որպես արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում իր անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Նա, մասնավորապես, ասել է. «Նման ստորաբաժանումներն ու օբյեկտները ռուսական բանակի կողմից կհամարվեն օրինական մարտական թիրախներ»։
Զախարովան վկայակոչել է հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում ֆրանսիական և բրիտանական զորքերի և ռազմական օբյեկտների տեղակայման վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը։
Նշենք, որ Կիևը, Փարիզը և Լոնդոնը հանդիպման ժամանակ ստորագրել էին մտադրությունների մասին հռչակագիր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ սա «ստեղծում է իրավական հիմք» հրադադարից հետո Ուկրաինայում բրիտանական, ֆրանսիական և այլ «գործընկեր» զորքերի տեղակայման համար: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են մինչև 15,000 զինվորականի ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրից հետո, մինչդեռ Գերմանիան պատրաստ է ուժեր տեղակայել Ուկրաինայի մոտակայքում: