00:00:00

Ուշագրավ նշանակումներ․ Սարգսյանի կադրերը՝ Փաշինյանի թիմում

03:07, 01 հունիս 2018

Այսօր տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երեւանի վարչության պետի տեղակալ:  Այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Վլադիմիր Հակոբյանը երկար տարիներ հանդիսացել է Սերժ Սարգսյանի «ականջն ու բերանը» մամուլի հետ հարաբերվելիս։ Բացի այդ Հակոբյանը, ով մինչ Սարգսյանի խոսնակ նշանակվելը արդեն իսկ աշխատում էր ԱԱԾ-ում տարիներ առաջ սկանդալային պատմության կիզակետում էր հայտնվել։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը փորձել էր «վեռբովկա» անել այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ,  Հրայր Մանուկյանին։  Վերջինս ավելի «խորամանկ» էր գտվել եւ ձայնագրել էր իր եւ Հակոբյանի զրույցը, որը հայտնվեց լրատվամիջոցներում եւ համացանցում։ Սկանդալային այս պատմությունից հետո Վլադիմիր Հակոբյանը ԱԱԾ-ից գործուղվեց Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարելուց եւ կարճաժամկետ վարչապետի պաշտոնում աշխատելու ժամանակ Վ․ Հակոբյանը նշանակվեց վարչապետ Սարգսյանի օգնական։  Այլ կերպ ասած նա տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի անդամն ու կադրը։ Հիմա նա հայտնվում է խիստ կարեւոր պաշտոնի։ Այս նշանակումը առավել քան ուշագրավ ու զարմանալի է դառնում ԱԱԾ-ի կոռուպցիայի դեմ պայքարի ընթացող  օպերացիայի շրջանակներում։ Ինչ դերակատարություն է ունենալու Վլադիմիր Հակոբյանն այս գործում, ցույց կտա ժամանակը։ Առայժմ հստակ է, որ նրա՝ Փաշինյանի թիմում հայտնվելը առաջացրել է խիստ դժգոհություն։ Մեկ այլ նշանակման մասին։  Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  նախօրեին պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։ Թե ինչու Սարգսյանի հավատարիմները հայտնվեցին նոր ձեւավորված կառավարության կազմում, թերեւս հարցեր է առաջացնում։ Արդարության համար նշենք, որ որեւէ մեկը կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ ինչպես Վլադիմիր Հակոբյանը, այնպես էլ Ալբերտ Աբգարյանը պրոֆեսիոնալներ են իրենց գործում, սակայն, եթե Փաշինյանը խնդիր է դրել պետական համակարգը ազատել Սարգսյանին հավատարմության երդում տվածներից, որոնց վերաբերյալ  բազմիցս քննադատական ելույթներ է ունեցել, ապա այս նշանակումները առավել քան տարօրինակ են, հատկապես, որ Փաշինյանը հասցրել է Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցներից շատերին ազատել զբաղեցրած պաշտոններից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր