Տոնական ծառը զարդարելու ավանդույթի արմատները գալիս են խոր հնությունից: Փորձելով սիրաշահել բարձրագույն ուժերին՝ սլավոնները կաղնիներն ու կեչիները զարդարում էին ժապավեններով և թաշկինակներով, կելտերը կտրում էին մղամուճը (օմելա) և դրանով զարդարում իրենց տները: Հռոմեացիները Սատուրնալիաների օրերին տոնական ժապավեններով փաթաթում էին ոչ միայն տներն ու փողոցային արձանները, այլև ծառերը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս հնագույն ավանդույթի ամենահայտնի օրինակներից մեկը կապված է գերմանական ցեղերի հետ, որոնք նշում էին ձմեռային արևադարձի տոնը՝ Յոլը: Նրանք հավատում էին, որ մշտադալար եղևնիների մեջ բնակվող ոգիներն ազդում են պտղաբերության և հաջողության վրա: Նրանց սիրաշահելու համար մարդիկ անտառի ծառը կամ տուն բերված եղևնին զարդարում էին խնձորներով (կյանքի խորհրդանիշ), ընկույզներով, քաղցրավենիքով և գունավոր ժապավեններով:
Ծառեր զարդարելու հեթանոսական ծեսը քրիստոնեական եկեղեցու կողմից հարմարեցվել է XVI–XVII դարերում գերմանական միջնադարյան քաղաքներում: Տեղի արհեստագործական գիլդիաներն ու արհեստանոցները սկսել են իրենց տներում և քաղաքային հրապարակներում տեղադրել «դրախտային ծառը»՝ սովորաբար եղևնի՝ զարդարված խնձորներով և վաֆլիներով: Այս համադրությունը պատահական չի ընտրվել. խնձորները խորհրդանշում էին Ադամի և Եվայի աստվածաշնչյան մեղսագործությունը, իսկ վաֆլիները՝ հաղորդությունը և քավությունը: Այժմ ուտելի տոնածառի զարդերը հազվադեպ են հանդիպում, սակայն Միջնադարում առանց դրանց անհնար էր պատկերացնել սուրբծննդյան եղևնին։
Ապակյա խաղալիքներ օգտագործելու ավանդույթը նույնպես առաջացել է գերմանական Լաուշա քաղաքում դեռևս 19-րդ դարի կեսերին։ Գոյություն ունի հանրահայտ վարկած, ըստ որի՝ 1848 թվականին խնձորի վատ բերքի պատճառով տոնը ստիպված են եղել փրկել տեղի ապակեգործները, որոնք ստեղծել են տոնածառի ապակյա խաղալիքներ։ Սակայն դրանից դեռ մեկ տարի առաջ Լաուշայի ապակեգործական գործարանի հիմնադրի ժառանգ և անվանակից Հանս Գրեյները սկսել է ապակուց մրգերի և ընկույզների տեսքով զարդեր պատրաստել։ Նրա ժառանգները շարունակել են գործը, ինչի շնորհիվ լույս աշխարհ եկան մեզ քաջ հայտնի տոնածառի գնդերը։
Տոնածառի գագաթը սովորաբար ընդունված է զարդարել աստղով, հրեշտակով կամ սրածայր գագաթով, բայց ոչ ոք չի արգելում այս հարցին մոտենալ ստեղծագործաբար։
Ապակյա զարդարանքներն արագորեն գտան իրենց գնահատողներին եվրոպական ազնվականության շրջանում։ Սակայն գերմանական լոկալ ավանդույթը համաշխարհային նորաձևության վերածելու հարցում վճռորոշ դեր է խաղացել մի փորագրություն, որտեղ բրիտանական Վիկտորյա թագուհին և նրա գերմանացի ամուսին արքայազն Ալբերտը երեխաների հետ պատկերված է եղել զարդարված եղևնու շուրջ 1848 թվականին։
Գերմանացիները աշխարհին նվիրել են ոչ միայն ապակյա գնդերն ու մարդուկները։ Դեռևս 17-րդ դարում նրանք սուրբծննդյան եղևնիները զարդարել են արծաթյա փայլերով (տոնածառի փայլաշերտեր)։ Իսկ էլեկտրական լուսաշղթան 1882 թվականին ստեղծել է ամերիկացի Էդվարդ Ջոնսոնը՝ հայտնի գիտնական Թոմաս Էդիսոնի գործընկերն ու գյուտարարը։