ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Ռուսաստանը շահում է Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով առաջացած նավթի գնի աճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իհարկե, երբ մենք տեսնում ենք նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև հեռախոսազրույցները, միշտ կան հարցեր, որոնք անպատասխան են մնում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը բացահայտորեն գովաբանում է Իրանի հերոսական պայքարն Ամերիկայի դեմ», – ասել է Կալասն Էստոնիայում սկանդինավյան և բալթյան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրման և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի սահմանման միջոցով ԵՄ-ն հստակ ուղերձ է հղել, որ կապահովի Ուկրաինային անհրաժեշտ ամեն բանով, մինչև Մոսկվան հասկանա, որ «այս պատերազմը ոչ մի տեղ չի տանում»:«Ուկրաինան մեզ համար ավելի կարևոր է, քան Ռուսաստանի համար», – նշել է դիվանագետը՝ հավելելով, որ Մոսկվան երկխոսության չի ձգտում:
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը նույնպես փակուղի է մտել, և դրանից արագ ելք չկա, իսկ դրա բացասական հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում:
Կալասի խոսքով՝ Ռուսաստանն օգտվում է դրանից, քանի որ ավելի շատ եկամուտներ է ստանում նավթի բարձր գնի շնորհիվ:
Կալասը հիշեցրել է, որ ԵՄ արտգործնախարարներն արդեն համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ սահմանափակումները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակման պատճառով:
«Հարկավոր է հասցեագրել Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանում և դրանից դուրս ահաբեկչական խմբավորումներին նրա աջակցությունը», – ասել է նա։Էստոնիայի Սաարեմաա կղզում հանդիպման ընթացքում սկանդինավյան և բալթյան երկրների արտգործնախարարները քննարկում են տարածաշրջանային անվտանգության հետ կապված մարտահրավերները: