Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դահլիճում, կայացավ «Արցախ․ Վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսը։
Պատկերագրքի առաջին և երկրորդ հատորները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ներկայացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, որն այսօր Ադրբեջանի կողմից ենթարկվում է ցեղասպանության։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Համազգայինի Հայաստանի և Արցախի գրասենյակները նախաձեռնեցին այդ կարևոր հրատարակությունը՝ նպատակ ունենալով պատկերագրքի տարածման միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Արցախում վտանգված է հայկական մշակութային հետքը։
«Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանի կողմից՝ հիմնվելով հստակ փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների վրա։ Այն նպատակ ունի փաստարկված պատասխաններ տալու Ադրբեջանի կեղծ քարոզչությանը։
Շնորհանդեսը բացվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։
Նա նշեց․ «Գուցե ժամանակին մենք ըստ արժանվույն չենք հակադարձել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, երբ նա տարիներ ի վեր փորձում էր աշխարհին ապացուցել, թե Արցախում հայկական հետք չկա։ Բայց այսօր իրավունք չունենք այդ հարցում թերանալու։ Արցախում ոչնչացման վտանգի տակ են բազմաթիվ հնամյա եկեղեցիներ և պատմական հուշարձաններ։ Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացնել նոր ցեղասպանություն։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը։ Այս պատկերագիրքը գուցե փոքր, բայց շատ կարևոր քայլ է՝ հակազդելու մեր հարևանների նկրտումներին և մեր մշակութային արժեքները աշխարհին ցույց տալու համար»։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձավ արցախահայության հավաքական վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ ընդգծելով, որ նման գրքերի լույս ընծայումն ու տարածումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր են՝ միջազգային դիվանագետների հետ փաստարկներով խոսելու համար։
«Ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, որոնք կարծում են, թե Արցախի հարցը փակված է, մենք շեշտում ենք` դա այդպես չէ։ Արցախում մշակութային ցեղասպանության իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակամարտությունը գոյություն ունի և լուծված չէ։
Քանի դեռ ժառանգության պահպանման հարց կա, մենք պարտավոր ենք միջազգային բարձր հարթակներում շարունակաբար բարձրաձայնել և հետապնդել այն։ Այդ նպատակին են ծառայում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները և նրա ուղեկից կառույցները, այդ թվում՝ Համազգայինը»,- նշեց Ռուստամյանը։
Ելույթներով հանդես եկան նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, պատկերագրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը։
Շնորհանդեսի ավարտին Ռուզան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչությանը և բոլոր հովանավորներին, ովքեր աջակցել են պատկերագրքի առաջին և երկրորդ հատորների կյանքի կոչմանը։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Արցախի ներկայացուցչությանը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։