Քաղաքական իշխանության՝ կեղծ պատարագների «քավոր» կարգված Նավասարդ Կճոյանը, որին ընդամենը մի քանի օր առաջ դեռ «պարոն»–ով էին դիմում նույն իշխանականներն «կրոնափոխ» է եղել։ Ընդհանրապես Նավասարդ Կճոյանի անունը տարիներ շարունակ հայտնվել է աղմկահարույց հրապարակումների և քրեական գործընթացների կենտրոնում։ Բարձրաստիճան հոգևորականի անունը կապվել է օֆշորային գործարքների, խարդախության, փողերի լվացման և ապօրինի ծագում ունեցող գույքի կասկածների հետ։ Այս ամենին գումարվեց նաև Նիկոլ Փաշինյանի կողմից «պարոն» Կճոյանին՝ կին, երեխաներ ու սիրուհիներ ունենալու մեղադրանքը։
Սակայն առավել ուշագրավը ոչ միայն մեղադրանքների բնույթն էր, այլ այն հանգամանքը, որ այդ գործերը, ի վերջո, չհասան դատավճռի․ քննությունները դադարեցվեցին կամ փակվեցին։
Կճոյանը՝ օֆշորային սկանդալի կենտրոնում
Լրագրողական հետաքննությունները տարիներ առաջ բացահայտեցին, որ Կճոյանի անունը շրջանառվում է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների հետ կապված պատմություններում։ Ըստ հրապարակված նյութերի՝ այդ ընկերությունները առնչվել են խոշոր գումարների շրջանառության, վարկերի և ֆինանսական միջոցների օրինականացման գործընթացների հետ։ Քննության շրջանակում նշվում էր նաև գործարար Փայլակ Հայրապետյանի վնասների թեման։
Հետագա տարիներին իրավապահ մարմինները հայտարարեցին, որ Կճոյանը ներգրավված է քրեական գործի շրջանակում՝ խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Սակայն այս գործերը երկար ժամանակ մնացին անորոշ վիճակում, իսկ հետո՝ տարբեր փուլերում կամ դադարեցվեցին, կամ դատախազությունը հրաժարվեց դրանք դատարան հասցնելուց։
Ապօրինի գույքի գործ, որը փակվեց
Հատուկ ուշադրության արժանացավ նաև Կճոյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը։ Հանրային սպասումները մեծ էին, սակայն հակակոռուպցիոն դատարանը մերժեց հայցը, իսկ դատախազությունը փաստացի փակեց այդ ուղղությամբ հետաքննությունը։ Պաշտոնական պարզաբանումներ որպես այդպիսիք չեղան, իրավապահ համակարգը »լղոզած» պարզաբանումներով փակեց թեման։
Վեհափառից՝ իշխանություն
Սակայն Կճոյանի շուրջ ամենածանր քննադատությունը վերաբերում է ոչ միայն փողերին, այլ հավատարմությանը։ Եկեղեցական և հասարակական կոշտ շրջանակների համոզմամբ՝ Կճոյանը դավաճանել է Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ընտրելով քաղաքական հաշվարկով պայմանավորված ուղի։
2018 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսեց բաց կամ թաքնված ճնշումներ գործադրել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, Կճոյանը լռեց։ Նա չմիացավ եկեղեցու պաշտպանությանը, չդիմադրեց իշխանության հռետորաբանությանը և, ըստ այդ նույն գնահատականների, փաստացի անցավ գործող իշխանության կողմը։ Այդ լռությունն ու չեզոքությունը բազմաթիվ հոգևորականների և հավատացյալների կողմից ընկալվեցին ոչ թե որպես զսպվածություն, այլ որպես քաղաքական համաձայնություն։ Հատկապես այն ֆոնին, որ հենց այդ տարիներին նրա նկատմամբ ընթացող քրեական և գույքային գործերը սկսեցին մարել, ձգձգվել և ի վերջո փակվել։
Լռություն՝ որպես գործարք
Կճոյանի պահվածքը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է բարձրաստիճան հոգևորականը լռությունը փոխանակել անձնական անվտանգությամբ։ Վեհափառի նկատմամբ հավատարմությունը փոխարինվել է իշխանությանը չհակադրվելու քաղաքականությամբ, իսկ եկեղեցական սկզբունքները՝ ինքնապահպանման տրամաբանությամբ։ Ինքը՝ Կճոյանը, հերքել է «դավաճանության» և «իշխանական կողմնորոշման» մեղադրանքները՝ պնդելով, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Սակայն այդ հերքումները չեն փարատել այն հարցերը, որոնք շարունակում են կախված մնալ հասարակական օրակարգում։
Օֆշորային սկանդալ, փակված քրեական գործեր, ապօրինի գույքի չիրացված քննություն և Վեհափառից հեռացման մեղադրանքներ՝ այս ամենը միավորվում են մի պատմության մեջ, որը շատերի համար դարձել է եկեղեցու, իշխանության և անձնական շահի վտանգավոր խաչմերուկի խորհրդանիշ։ Եվ մինչ իրավական համակարգը հարցը համարում է փակված, հասարակական և բարոյական հարցադրումները շարունակում են բաց մնալ, բայց դա չի խանգարում «պարոն» Կճոյանին շարունակել արագընթաց վայրէջքը բարձրաստիճան հոգևորականից՝ շարքային «բենթլիի վարորդի»։