Գոյություն ունի մարդկային արժանապատվություն հասկացություն, գնաս մի քաղաք, որտեղ պահվում են քո հայրենակիցները և իրենց գոնե որպիսությունից չտեղականա՞ս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով օրերս հայաստնյան քաղհասարակության 5 ներկայացուցիչների Բաքու այցին։
«Առհասարակ, ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ, նրանք աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են։ Դե իսկ Ադրբեջանում քաղհասարակություն հասկացությունը առհասարակ նոնսենս է քաղաքագիտական տեսանկյունից։ Ադրբեջանում քաղհասարակություն լինել չի կարող։ Ուստի երկու ֆեյքերի հանդիպումը եկեք ես չմեկնաբանեմ։
Իրենք այստեղ էլ էին Ադրբեջանի քարոզչությունը տանում առանց Բաքու գնալու, հիմա մի քիչ ավելի մեծ ավյունով են դա անում։ Երևի ոգևորվել են, ինչ-որ կամ ինչ-որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ իրենք շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ այս հանդիպումները շարունակական են լինելու, նաև լրագրողները կարող են Ադրբեջանից այստեղ գալ, և այստեղից գնալ, Մամիջանյանն ասաց. «Ասում են սև իկրան համով է, չգիտեմ, ես սիրահար չեմ սև իկրայի։ Դա է այդ ամբողջ գործընթացի պատմությունը, մի խումբ մարդիկ սև իկրա կկարողանան ուտել Բաքվում, ուրիշ արդյունավետություն այդ ամենը ունենալ չի կարող»։