00:00:00

Փաշինյանի կառավարության լրատավական ծառայության  որդեգրած ձեռագիրը դեռեւս չի տարբերվում Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի աշխատելաոճից

19:55, 31 մայիս 2018

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, նոր իշխանության ձեւավորումից հետո հայ հասարակության մոտ լուրջ սպասելիքներ են առաջացել։ Տեղի ունեցող փոփոխությունները ՝քաղաքական, տնտեսական ու սոցիալական առումով դրական են, գոնե առայժմ։ Նույնը չի կարելի ասել լրատվամիջոցների հետ աշխատանքի առումով։ Նիկոլ Փաշինյանի կառավարության լրատավական ծառայության  որդեգրած ձեռագիրը դեռեւս ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի աշխատելաոճից։ Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը իր շուրջը համախմբել էր մի շարք լրատվամիջոցների, որոնք նրա հրահանգով հայտնվում էին Բաղրամյան 26-ում, հնչեցնում իշխանությանը հաճո հարցեր, միաժամանակ իրավունք չունենալով հանրայնացնել այդ հարցուպատասխանը, քանի դեռ այն մեկ անգամ եւս չէր  սրբագրվել նախագահականի լրատվականի կողմից։ Այդ լրատվամիջոցներն ու լրագրողները իհարկե առանց պարգեւատրման չէին մնում։ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ նրանց կրծքերից մեդալներ էր կախում։ Եվ բոլորը գոհ ու երջանիկ էին։ Ի՞նչ է տեղի ունենում։ Հայաստանի վարչապետ, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ կատարել օտարերկրյա այցեր։ Տարաբնույթ միջոցառումների մասին, սակայն հերթական անգամ ոչ բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներն են տեղեկացված լինում։ Կառավարության լրատվական ծառայությունը այցերի մասին տեղեկացնում է միայն մի քանի լրատվամիջոցի։ Ո՞րն է նման գործելաոճի պատասխանը։ Ընդունում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր է ձեւավորվել, որ կան խնդիրներ, որոնք գուցե տեխնիկական լինեն, որ այո անհրաժեշտ է ժամանակ առկա թերությունները շտկելու համար։ Սակայն դա չպետք է արվի ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու, նրանց մասնագիտական իրավունքները ոտնահարելու ճանապարհով։ Համաժողովրդական շարժման օրերին Բաղրամյան 26-ի, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հրահանգով Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի գործողությունները որեւէ կերպ չլուսաբանող ԶԼՄ-ները այս օրերին հայտնվել են առաջին պլանում։ Ցավալիորեն արձանագրում ենք, որ նույն այդ ԶԼՄ-ները, որոնք քծնանքով գովերգում էին Սերժ Սարգսյանին, հիմա նույնը անում են Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Արդյո՞ք սա դուր է գալիս վարչապետին ու նրա թիմին։ Հույս ենք հայտնում, որ այդպես չէ, որ երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները լրատվական դաշտը չեն շրջանցի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր