00:00:00

Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն

20:50, 15 նոյեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, «Infiniti» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, իսկ վիրավորներից 2-ին ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Ռոման Մրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանը և Արմեն Խաչատրյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/11/15/1294715

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր