Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ երկխոսությունը կառուցում է բացառապես ելնելով սեփական շահերից, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով նրա մեկնաբանությունը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
Ըստ Պեսկովի, ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփի միջազգային օրակարգում ի հայտ են եկել բազմաթիվ նոր հարցեր, սակայն Ռուսաստանի համար կարևոր են միայն այն թեմաները, որոնք անհրաժեշտ և շահավետ են հենց իրեն։
«Մի մոռացեք Գրենլանդիայի մասին, նրա ճակատագրի մասին, մի մոռացեք Կանադայի մասին։ Ամեն ինչ դեռ անորոշ վիճակում է, բայց Թրամփի նախագահության առաջին ամիսներին այդ մասին շատ էր խոսվում։ Իհարկե, օրակարգում բազմաթիվ հարցեր կան, բայց դրանք չեն կարող լինել մեզ համար առաջնային։ Մեզ համար առաջնային է այն, ինչ անհրաժեշտ և շահավետ է մեզ», – նշել է Պեսկովը։
Ըստ նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկասկած գնահատում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու անկեղծ ցանկությունը, սակայն նման բարդ խնդիրը հնարավոր չէ լուծել «մի գիշերում»։
«Գիտեք, նախագահ Թրամփի անկեղծ ցանկությունը՝ կարգավորելու բոլոր սուր ճգնաժամերը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ, անկասկած, միայն դրական զգացումներ է առաջացնում, և Պուտինն այդ մասին բազմիցս խոսել է, – հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։- Բայց երբեմն նման ավելորդ շտապողականությունը կտրուկ հակադրվում է իրականությանը, քանի որ ուկրաինականին նման հակամարտությունը՝ իր հիմնական նախադրյալներով, այնքան բարդ է, որ հնարավոր չէ լուծել մի գիշերում»։