Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ժամին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ սոցիալական փաթեթի շահառուներից մեկը, որն էնդոպրոթեզավորում է անցնում, իրեն է մոտեցել բողոքով, որ սոցփաթեթը չի ծածկում էնդոպրոթեզի արժեքը։ «Պարզվում է, որ մենք անձին խոստանում ենք անվճար բժշկական օգնություն, այնինչ այնքան էլ անվճար չէ»,-նշեց նա:
Ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ մեր երկրում բժշկական ծառայություններն անվճար չեն. Դրանց համար միշտ մեկը վճարում է՝ պետությունը կամ բուժառուն։
«Պետպատվերի դեպքում մատուցվում են ծառայություններ, որոնք պետությունը փոխհատուցում է կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն, և ձեր բերած օրինակը վերաբերում է վերջինիս։ Այս կոնկրետ օրինակում բժշկական ապահովագրությունը կծածկի ոչ միայն վիրահատության, այլև էնդոպրոթեզի արժեքը՝ մինչև 600 հազար դրամ։ Եթե պրոթեզն ավելի թանկ է, ապա բուժառուն ստիպված կլինի վճարել»,-նշեց նախարարը:
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ ասաց, որ այսօր լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում անընդհատ կարելի է կարդալ թանկարժեք բուժման համար դրամահավաքի մասին: Նա հարցրեց, թե արդյոք բժշկական ապահովագրության ներդրումից հետո՞ էլ դա կշարունակվի։
«Այո՛, տիկին Ստեփանյան, քանի որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բոլոր բժշկական ծառայությունները ծածկի պետությունը կամ առողջության բազային ապահովագրությունը», - պատասխանեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Առողջապահության նախարարության բյուջեն կազմել է 81 միլիարդ դրամ, որից հետո պետպատվերի շրջանակը կայուն կերպով ընդլայնվել է՝ 2025 թվականին հասնելով 168 միլիարդ դրամի:
«2026 թվականին՝ առողջության ապահովագրության ներդրումից հետո, մենք ավելի կընդլայնենք այս շրջանակը: Ծառայությունների գները մոտ կլինեն իրական ծախսերին, և մենք կկարողանանք բավարար չափով փոխհատուցել։
Բազային ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մենք մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում են հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը: Այնուհետև, Հայաստանի ՀՆԱ-ի և հարկերի աճին զուգահեռ, այդ շրջանակն աստիճանաբար կընդլայնվի»,- ասաց նախարարը: