Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես, Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած, մտահոգիչ է, այս մասին հայտարարել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ՝ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար։
«Եվ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում։
Օրինակ՝ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու:
Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է:
Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման»,- ընդգծել է Սարգսյանը։