Հոկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան֊Մարտունի֊Գետափ ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված խոշոր եղջերավոր անասունի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ խոշոր եղջերավոր անասունին տեղում հարկադիր մորթի են ենթարկել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի և դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Ներսիսյանը և Նվեր Գալստյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, վիրավորների և խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը։