Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը անվստահություն հայտնեց դատարան ներկայացված թարգմանչին։ Խաչատուրովն ասաց, որ երբ ինքը 2019 թվականին ներկայացրել է Հատուկ քննչական ծառայություն՝ որպես վկա ցուցմունք տալու քննիչ Հրաչյա Մուշեղյանի մոտ, նույն թարգմանիչն է թարգմանությունն իրականացրել։ Նրա նկատմամբ ձևավորված անվաստահության պատճառով գործի դատական քննության ընթացքում նրան բացարկ են հայտնել, թարգմանիչը փոխարինվել է, ու, այժմ,փաստորեն, կրկին նույն անձն է ներկայացրել դատարան՝ թարգմանություն իրականացնելու։ Խաչատուրովն ասաց նաև, որ ինքը չի ցանկանում, որ թարգանիչը լսի իր և իր պաշտպան Միհրան Պողոսյանի խոսակցությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ նրա մասնագիտական գիտելիքների հարցում կասկած չունի, նաև որպես անձ խնդիր չունի նրա նկատմամբ։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց, որ բոլոր ներկաները տիրապետում են ռուսերենին, և եթե նույնիսկ մեկ բառ սխալ թարգմանվեր, բոլորը կնկատեին և կբարձրաձայնեն։ Դատարանը նման պայմաններում որոշեց քննարկման առարկա դարձնել թարգմանչին բացարկի հարցը, սակայն հարցը չհասավ դատավարության կողմերին դիրքորոշումները լսելուն, քանի որ թարգմանիչը հայտնեց, որ Խաչատուրովի հայտարարություններն իր մոտ կաշկանդվածություն առաջացրին, և ինքը խնդրում է քննարկել իր ինքնաբացարկի հարցը, հավելելով որ կաշկանդվածությունը կարող է ազդել, որ իրականացնի պատշաճ թարգմանություն։ Դատարանը որոշեց գործով այլ թարգմանիչ հրավիրել։ Այսօրվա դատական նիստը, ըստ էության Խաչատուրովի «կապրիզի» և թարգմանչի «նեղվածության» պատճառով հետաձգվեց: