Աշխատանքային այցով Ճապոնիայի մայրաքաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանը առանց հեծանիվ զբոսնել էր Տոկիոյի փողոցներում եւ «բացահայտումներ» արել։
Նա նախ «բացահայտել էր», որ Տոկիոյի փողոցներում ծխող մարդիկ չկան, իսկ դրանից առաջ էլ տեսանյութ հրապարակել, ցույց տալով ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ Տոկիոյի փողոցներում ոչ աղբաման կա, ոչ աղբ: Փաշինյանը Հայաստան հասնելով, ապա հարցադրում էր արել, «փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք»։
Ծխելու դեմ «պայքար» այս իշխանությունն առաջին անգամ չէ, որ փորձում է տանել, բայց ինչպես բոլոր նախաձեռնություններն, դա ևս որեւէ դրական արդյունք չի տվել: Ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ ծաղրել են Փաշինյանի կառավարության այդօրինակ նախաձեռնությունները, սկսած՝ աղամանները սեղանին չդնելուց, մինչև հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելելու վերաբերյալ:
Արդյոք իշխանությանը կհաջողի այս անգամ հասնել Փաշինյանի տեսած Տոկիոյի պատկերին: Irakanum.am-ը տեսակետ հարցրեց նորատեղծ «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանից: «Նախ նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեկնաբանելն ինքին անշնորհակալ գործ է, բայց որպեսզի ձեր հարցն անպատասխան չթողեմ՝ մեկնաբանեմ: Զարմանալի է, որ Տոկիոյի նման քաղաքում Փաշինյանը միայն աղբամաններ է փորձել գտել, հաշվի առնելով, որ այդ քաղաքում առկա ենթակառուցվածքները ավելի շատ են, որոնք կարելի է կիրառել մեր երկրում, քան աղբամանների բացակայությունը: Բայց Նիկոլ Փաշինյանը ըստ երեւույթին չի հիշում անգամ այն, որ իր կառավարությունն էր որոշել հանրային սննդի օբյեկտներում արգելել ծխելը, սակայն մեկ անգամ քաղաքով շրջող յուրաքանչյուր ոք կտեսնի, թե ինչպես է այն համատարած խախտվում: Փաշինյանը նախ թող մտածի, թե ինչու իր կառավարության, որն ի դեպ հենց ինքն է, ինչպես հայտարարել է, չի հետևում իր իսկ ընդունած որոշմանը, որ հիմա էլ ընկել են Ճապոնիայի օրինակների հետևից»,- ասաց Նարեկ Մանուկյանը, հավելելով, որ այս հայտարարությունը ևս պետք է դիտարկել պոպուլիստական, մինչև Փաշինյանի՝ ի պաշտոնե այլ երկիր այցը, որտեղ էլի նրա աչքերը նոր «բացահայտումներ» կանեն, որոնք էլ ինքը կփորձի տեղայանացնել Հայաստանում: «Կփորձի, բայց կունենանք նույն հետևանքը, զրո արդյունքը»,- եզրափակեց Նարեկ Մանուկյանը:
Irakanum.am