00:00:00

Վերադարձը ոչ միայն իրատեսական է, այլև երաշխավորված է միջազգային իրավունքով․ Օսկանյան

13:49, 22 օգոստոս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը իրենց տներ  «իրատեսական չէ», իրականությունը չի նկարագրում․ ձևավորում է պարտվողական նարատիվ՝ արդարացնելու սեփական ձախողումները։ Իսկ իրականությունն այն է, որ վերադարձի իրավունքը ոչ միայն իրատեսական է, այլև երաշխավորված է միջազգային իրավունքով, ամրագրված է Եվրոպայի և դրա սահմաններից դուրս ընդունված քաղաքական որոշումներով, և անգամ Ադրբեջանի կողմից՝ անկեղծության պահերին ընդունված։ Այսօր դրա «իրատեսական չլինելու» պատրանքը պայմանավորված է ոչ թե օրենքով կամ դիվանագիտությամբ, այլ Հայաստանի ներկայիս կառավարության անկարողությամբ` անգամ այդ հարցը օրակարգ բերել։

Պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային աջակցությունը հետևում է քաղաքական կամքին։ Վերցնենք Ուկրաինայի օրինակը․ նախագահ Զելենսկին պահպանում է կոշտ գիծ, և արևմտյան մայրաքաղաքներն արձագանքում են նույն կոշտությամբ․ իսկ երբ նա մատնանշում է զիջումների հնարավորությունը, նույնիսկ ամենահակամարտ կողմնակիցները արագ  փոխում են իրենց հռետորաբանությունը՝ հորդորելով փոխզիջման։ Այդպես է գործում միջազգային քաղաքականությունը․ առաջնորդներն են սահմանում տոնը, իսկ մնացածը հետևում են։ Նույնը կիրառելի է նաև այստեղ․ հենց որ Հայաստանը ունենա իշխանություն, որը հստակ, հետևողական և ամենակարևորը՝ ողջամիտ ու համոզիչ ձևով կպնդի վերադարձի իրավունքը, նրա «իրատեսությունը» կստանա լրիվ այլ բովանդակություն։

Իրականում հիմքերն արդեն դրված են։ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանվածների անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու անգամ կոչ է արել երկխոսության և վերադարձի երաշխիքների՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Շվեյցարիայի խորհրդարանը որոշում է կայացրել նման երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով։ Սա վերացական գաղափարների շարք չէ․ գործող գործիքներ են, որոնք սպասում են, որ Հայաստանի կառավարությունը վերցնի և գործի դնի։ Փաշինյանի լռությունը չի ջնջում այս ձեռքբերումները․ այն պարզապես անտեսում և արժեզրկում է դրանք։

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, և նրա ժողովրդի վերադարձի իրավունքը ֆանտազիա չէ։ Դա սկզբունք է, որն ամրագրված է միջազգային իրավունքով, հաստատված է քաղաքական որոշումներով և խարսխված է հայկական գիտակցության մեջ։ Եվ հենց որ Հայաստանը կրկին ունենա իր ժողովրդին պաշտպանելու կամք ունեցող կառավարություն, միջազգային հանրությունն էլ կգնա նրա հետևից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր