«Ինչո՞ւ է պետական գույքն այս աստիճանում գտնվում, ինչո՞ւ չի հանձնվում մասնավոր սեկտորին, որպեսզի ինչ-որ բան գեներացվի», ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Այո, այդ պրոբլեմը գոյություն ունի և դրա լուծումը մեր օրակարգային հարցերից է: Կարող ենք բերել ամենահայտնի և վառ օրինակներից մեկը՝ Հանրապետության հրապարակում կա այդպիսի շենք, որը կառավարությունը փորձում է ինչ-որ ներդրումային տրամաբանության մեջ դնի, բայց այդպես էլ չի ստացվում: Խոսքը Փոստի շենքի մասին է: Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչու, պարզվում է՝ շատ ստանդարտների չի բռնում այդ շենքը՝ սկսած նրանից, որ ունի կայանատեղիի խնդիր, պատմամշակութային հուշարձան է և լրացուցիչ միջոցառումների խիստ սահմանափակում կա: Սակայն եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, դրանք քննարկելի են, բայց ենք դրանց համար»,-ասաց Փաշինյանը:
Նա խոսեց մյուս Հայփոստի շենքի մասին, որի մասով Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ծրագիր ունեն, որն առաջիկայում պետք է իրականացվի. «Այո, դա շատ բարդ գործ է և մենք այդտեղ խնդիր ունենք: Խնդիր ունենք այնտեղ, որ Երևանի կենտրոնում գտնվող համալիրը դրվել է մասնավորեցման և հետաքրքրություն չի ցուցաբերվել այդ մասով: Կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց քննադատություն եղավ այդ սխեմայի վերաբերյալ, մենք այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց հիմա այդտեղ ճգնաժամ է տեղի ունեցել և, մեծ հավանականությամբ, այդ մասնավորեցման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Համենայն դեպս, ես արդեն այդ նամակների հոսքը ստանում եմ: Սակայն ուզում եմ ասել, որ եթե չեմ սխալվում, 2024 թվականին Պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտներն էականորեն աճել են՝ մոտավորապես 20 մլրդ դրամի եկամուտ ենք ունեցել, ինչը ենթադրում է, որ այդ հարցը մեզ շատ հետաքրքրում է, և մենք փնտրտուքի մեջ ենք»: