00:00:00

Խոնարհումով շնորհավորում եմ զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին․ Պապիկյանի ուղերձը

11:29, 08 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի:

Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են  զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու  ջանասիրաբար կատարում են պետության սահմանները պաշտպանելու դժվարին, բայց և պատվաբեր ու շնորհակալ առաքելությունը:

Այսօր կանայք մեծ դերակատարում ունեն Հայաստանի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանանց ներգրավվածությունն ընդլայնելու նախաձեռնությունը հաջողությամբ է իրականանում նաև բանակում: Կանայք համալրում են զինված ուժերի գրեթե բոլոր ծառայությունները. նրանք զինվորական բժիշկներ են, հրետանավորներ, հատուկջոկատայիններ ու մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների զինծառայողներ: 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում նույնպես հետզհետե մեծանում է աղջիկ կուրսանտների թիվը:

Զինվորականների ծառայությունը ֆիզիկապես ու հոգեբանորեն առավել պաշտպանված, գնահատված ու շահավետ դարձնելու համատեքստում կին զինծառայողներն արժանանում են հատուկ ուշադրության, նրանց համար ստեղծվում են ծառայությունը դյուրին, բայց և արդյունավետ դարձնելու բոլոր պայմանները՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք հաջողությամբ կատարեն նաև մոր, կնոջ, զավակի՝ նույնքան կարևոր պարտականությունները, լավագույնս դրսևորեն իրենց ունակություններն ու եռանդը և՛ ծառայության մեջ, և՛ անձնական կյանքում:

Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ տոնի առթիվ:

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց ու դուստրերին:

Առանձնահատուկ շնորհավորում եմ զինծառայող կանանց: Բոլորին մաղթում եմ ամուր, սիրով լի, բարեկեցիկ, առողջ ու երջանիկ ընտանիք, բեղուն, ձեռքբերումներով լի աշխատանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր