ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսից պահանջել այն մարդկանց ցուցակները, որոնք Ռուսաստանում ֆինանսավորվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։
«Պետք է Կոնգրեսից պահանջենք ցանկը՝ ում են ֆինանսավորել Ռուսաստանում։ Եթե նրանք USAID-ի գործունեությունը վնասակար են համարում, ուրեմն թող տրամադրեն ցուցակները։ Կոնգրեսը կուղարկի ցանկը, մենք էլ այն կտանք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը»,- ասել է Վոլոդինը։
Նա նաև կարծիք է հայտնել՝ ֆինանսավորում ստացածները պետք է «քավեն մեղքերը»։
«Նրանք, ովքեր դրսից փող են ստացել, հիմա թող Կարմիր հրապարակում խոստովանեն ու ապաշխարեն՝ և՛ կուսակցությունները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ «իրավապաշտպանները»,- ասել է Վոլոդինը՝ անդրադառնալով նաև Ռուսաստանը լքածներին․
«Նրանք ՝ ռելոկանտները, մեկնել են երկրից՝ այն հույսով, որ USAID-ն իրենց կֆինանսավորի դրսում՝ այլ երկրներում։ Իսկ հիմա սոված կմնան՝ իզուր հույս փայփայելով, թե իրենց նորից ինչ-որ բան կտան։ Ոչ ոք էլ ոչինչ չի տա, այդ հարցը լուծվել է»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը՝ USAID-ի ծրագրերը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ ԱՄՆ ՄԶԳ-ում ստուգումներ են անցկացվելու՝ պարզելու համար, թե համահու՞նչ է արդյոք կազմակերպությանն կողմից վարվող ֆինանսական քաղաքականությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանը, քանի որ հայտարարվել է, որ USAID-ն գումարները ծախսել է՝ ի վնաս ԱՄՆ-ի։