ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ագրեսիայի։
«Կգնա՞ Ադրբեջանը ռազմական բախման՝ չեմ բացառում, կընդլայնի՞ Ադրբեջանը պահանջները՝ առավել քան վստահ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, որ հետո հիմք լինի ասելու՝ ճնշման տակ են կորզված թե՛ Բաքվում ապօրինաբար պահվող անձանց ցուցմունքները, թե՛ փաստաթղթերը, որոնց տակ ստորագրություններ են դրված։
«Բայց այս իշխանությունները լրիվ հակառակն են անում, Ադրբեջանն ասում է՝ «վերջ, մոռացիր Ղարաբաղը», Փաշինյանն էլ ասում է՝ «Ղարաբաղը մեր վզին թոկ էր, պետք է տրենք դա, լավ ենք արել, կտրել ենք»։ Ակնհայտ է չէ՞, որ թուրքերն ասել են՝ «Արարատը մերն է», դրանից հետո ինքն ասում է՝ Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է։ Ինքն իր քաղաքականությամբ լեգիտիմացնում է թուրք-ադրբեջանական պահանջները»,- ընդգծեց Խաչատրյանը։