Նունե Բալասանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանից է՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձարզերծած ռազմական գործողությունների հետեւանքով։
Ներկայումս բնակվում են Գյումրիում՝ վարձակալական հիմունքներով։ Ասում է՝ Գյումրին են ընտրել, քանի որ ունի հաշմանդամ երեխաներ, իսկ Գյումրիում հաշմանդամություն ունեցողների համար բազմաթիվ կազմակերպություններ են գործում։
«Ունեմ 3 երեխա, երկուսն էպիլեպսիա ունեն, մեկը տեսողության խնդիր ունի, ես ու մայրս էլ ունենք հաշմանդամություն»,- պատմեց տիկին Նունեն՝ նշելով, որ գոհ է բոլորից, Գյումրիում շատ են օգնել։
Ընտանիքն այսօր ուզում է օգտվել Արցախից բռնի տեղահանվածների համար կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրից։ Դարձել են ՀՀ քաղաքացի, վերցրել նոր անձնագիր, գտել հարմար տուն գտել։
«Սակայն, ինձ մի հարց է հետաքրքրում՝ ընտանիքի անդամների թվով , ըստ այդ ծրագրի, պետք է տրամադրեին 24 մլն դրամ, տանտիրոջը բանկը տրամադրելու է 17 մլն, ես դիմել եմ, որ մնացորդը մեզ տան, որպեսզի նաև գույք գնենք, մի փոքր մաքրենք, կամ այլ կենցաղային խնդիրներ լուծենք, որովհետեւ մեզ ասել են, որ այն պահից, երբ տունը մեզ հանձնեն ու մեր բանալիով մուտք գործենք, այլեւս չենք օգտվելու «40+10» աջակցությունից։ Դե հիմա էլ այդ աջակցությունն ամբողջությամբ գնում է տան վարձին, բայց հարցն այն է, որ մի 100.000 աշխատավարձով աշխատանք ամուսինս ունի,կոմունալ ծառայությունների աշխատակից է, մեկ էլ հաշմանդամություն ունեցողներիս ստացած պետական նպաստն է, ուրիշ եկամուտ չունենք»,- նշեց ընտանիքի մայրը՝ ավելացնելով, որ բարի մարդկանց օգնության շնորհիվ են մինչեւ հիմա լ Գյումրիում ապրել, չեն բողոքում, ոչ էլ մուրացկան է, որ ասի՝ ինձ փող տվեք։
«Պարզապես հարցնում եմ, եթե պետական աջակցության ծրագրով մեր ընտանիքի ամեն շնչի հաշվարկով մեզ հասնում է 24 մլն դրամ, բայց տան տիրոջը 17 մլն են տալիս, ինչու տարբերությունը չեն տալիս մեզ, որ փոքր- ինչ այլ խնդիրներ ևս լուծենք, գույք գնենք ու կենցաղային այլ հարցեր լուծենք, ո՞ւր է գնալու այդ գումարը»,- ընդգծեց Ն. Բալասանյանը։