Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի 73 հասցեի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի բակում՝ երկաթյա սյանը հարվածած վիճակում հայտնաբերել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին և հետևի աջ կողային ապակին վնասված վիճակում, թափքը նույնպես ամբողջությամբ վնասված։ Իսկ այդ ավտոմեքենայից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ «Lada Priora»-ն պատկանում է Երևանում հաշվառված 22-ամյա Վլադիմիր Գասպարյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանում հայտաբերել են Վ. Գասպարյանին, Երևանի բնակիչներ 20-ամյա Գագիկ Դավթյանին, 37-ամյա Արթուր Ավագյանին և 16-ամյա Աշոտ Գ.-ին։
Վերջիններս ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանություն Մարաշի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։