Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:
Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր: «Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»:
«Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: