իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է
Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը։ Առողջական խնդիրներից բողոքող զինվորը որպես կանոն համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։ Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է ինչով եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։
Դուք ինչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն; Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում, ոչ Փաշինյանը և ոչ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին։