Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց:
Նրան ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց:
Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։