00:00:00

Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը. ՀՀ նախագահի ուղերձը

22:52, 31 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

 

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:

"Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Աշխարհասփյուռ հայություն,

2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ:

Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար:

Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը:

Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:

Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:

Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:

Այս նպատակին հասնելու համար մեր երկրին հարկավոր են անձնվեր, պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներում:

Նրանք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կներդնեն ոչ միայն սեփական ոլորտի, այլև պետության անվտանգության և կայուն զարգացման գործում:

Սա ենթադրում է ռազմավարական մտածողության զարգացում, միջազգային համագործակցության ընդլայնում և հարևան երկրների հետ կառուցողական երկխոսության խորացում:

Մեր պետությունը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, իր ուրույն տեղն ու դերն ունի աշխարհի քարտեզի վրա՝ անկախ ֆիզիկական չափումներից:

Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը:

Մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը մեզ ուժ են տալիս և ոգևորում, որպեսզի մեր սթափ հայացքը ուղղված լինի դեպի ներկա ու ապագա՝ միտված ժամանակակից և մրցունակ պետություն կառուցելուն:
Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները:

Մեր ժողովրդի իմաստությունը, աշխատասիրությունը և անկոտրում ոգին միշտ եղել ու մնում են մեր հաջողության գրավականը:

Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի:

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում տիրի սերն ու համերաշխությունը, իսկ մեր երկրում՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Շնորհավոր Նոր տարի":

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր