00:00:00

Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության նոր ծրագիրը չի արժանացել հանրության հավանությանը. 78 տոկոսը դեմ է նախագծին

21:53, 18 նոյեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղ

Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ապահովման ծրագրի փոփոխությունը հանրային քննարկման հարթակում չի արժանանում դրական արձագանքի։

Ներակյումս գործող ծրագիրը, որը «40+10» բանաձևով աջակցություն է տրվում բռնի տեղահնված բոլոր անձանց, նախատեսվում է փոխել 2025 թվականի ապրիլից։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին։

Ավելին, փոխվում է նաեւ սոցիալական աջակցության ամսական չափը. յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.

2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

Կառավարության նոր ծրագիրը մշակման փուլում հանրային քննարկման առարկա չի դարձել եւ «e-draft.am» հարթակում քննարկման դրվել է միայն հոկտեմբերի 30-ից՝ 15 օր ժամկետով։

Նոյեմբերի 15-ի դրությամբ՝ նախագծին ծանոթացել էր 747 անձ, եւ միայն 22 % է կողմ քվեարկել նախագծին, իսկ 78 %ը՝ դեմ։

Քննարկմանը մասնակիցները հիմնականում հանդես են եկել բացասական մեկնաբանություններով։

Էրիկ Խաչատրյանը, մասնավորապես, գրել է. «Ես առաջարկում և պահանջում եմ, որպեզի Արցախից բռնի տեղահանվածների համար դրսից ուղարկված գումարներով 2025 թ.հունվարի 1-ից մինչև 2025թ.դեկտեմբերի 31-ը մեկ շնչին տրամադրեն 50000 դրամ աջակցություն, որովհետև Արցախից բռնի տեղահանվածների 80 տոկոսը վարձով է ապրում»։ Նա առաջարկել է պարզ հաշվարկ անել, թե որքան եկամուտ կարող է ունենալ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը, եթե անգամ երկու հոգի ունենան աշխատանք ու որքան են կազմում ծախսերը։ «Աթե Արցախից բռնի տեղահանված ընտանիքում երկու հոգի աշխատում են, օրինակ՝ երկու հոգով ստանում են 300.000 դրամ,դրանից ընտանիքը 150000-200000 դրամ պետք է վճարի տան վարձի համար, ամսական 50000 դրամ պետք է վճարի կոմունալ ծախսերի համար,մարդը ո՞նց ապրի։Կներե՛ք, Հայաստանի քաղաքացին, որն ունի իր բնակարանը,ունի կայուն եկամուտ,բայց չի կաողանում ապրել աղքատ է, Հայաստանում 40-50 % աղքատություն է, հիմա Արցախցին ոնց ապրի՞, այդ պատճառով արտագաղթում է»,- նշել է նա ։

Մեկ այլ քաղաքացի՝ Ժորա Հայրապետյանը, գրում է. «Դեմ ենք այս փոփոխությանը, այն անհիմն է և անտրամաբանական։ Առաջարկում եմ 2025 թվականի հունվարից մինչև 2025 թվականի դեկտեմբերը ամիսը ներառյալ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված յուրաքանչյուր քաղաքացու վճարել 50.000 ՀՀ դրամ գումար՝ ժամանակավոր կացարանում բնակվելու համար։ Նշված նախագծին դեմ ենք»։ Իսկ Լիանա Պետրոսյանն էլ նկատում է, որ գործող ծրագիրը պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր ընտանիք չի ապահովվել բնակարանով։ «Անհնարինության դեպքում՝ երկարաձգել գոնե 6 ամսով (ապա՝ հուլիսից դեկտեմբեր՝ 40 հազար տարբերակով)։ 2026թ հունվարից ներդնել խոցելի խմբերի տարբերակումը՝ որպես խոցելի խումբ համարելով նաև 3-րդ խմբի հաշմանդամներին և 55+ տարիքի անձանց՝ անկախ սեռից։ Օպերատիվ շտաբի տվյալներում չներառված և 100 հազարի շահառու չհանդիսացող անձանց հնարավորինս կարճ ժամկետում ընդգրկել ցուցակներում»։- նշել է նա։

Հանրային քննարկմանը մասնակցել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ուշադրություն հրավիրելով այն հարցին, որ նախագծով առաջարկվում է որպես խոցելի խումբ դիտարկել միայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց։ Եւ որեւէ պատճառաբանություն նշված չէ, թե ինչու աջակցության այս ծրագրում չեն ներառվելու 3-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան) ունեցող անձինք։

«Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև աջակցության չափը։ Այն պարագայում, երբ ընդհանուր բնակչությանը հասանելի տարբերակով աջակցությունը կազմելու է 50,000 դրամ, ապա առանձին խմբերի անձանց անցնելու դեպքում այն կդառնա 40,000, ապա 30,000 դրամ։ Այս մոտեցումն առաջացնում է հիմնավոր մտահոգություններ խտրականության և անարդարության վերաբերյալ։ Անհրաժեշտ է նկարագրել, թե որն է առանձին խմբերի դեպքում գումարի չափի էականորեն նվազեցման օբյեկտիվ հիմնավորումը, այդ թվում՝ դրա լեգիտիմ նպատակը»,- նշել են կազմակերպությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր