«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում, հաղթեց Վրաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից https://vote.junioreurovision.tv/ կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից և Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից և Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի Մասնակիցը 12 միավոր ստացավ Ֆրանսիայից և Վրաստանից:
Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 76 միավոր:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 125 միավոր:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։
Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:
«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան: