00:00:00

Լևոն Քոչարյանին 7 հոգով ենք բերման ենթարկել, մենակ դժվար կարողանայի. բերետավորը ցուցմունք է տալիս

17:52, 31 հոկտեմբեր 2024 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին հարցաքննվում է Լևոն Քոչարյանին ուժով բերման ենթարկած, սակայն այժմ տուժողի կարգավիճակ ստացած կարմիր բերետավորը։

Նա,  պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին, նկարագրեց, թե ինչ է տեղի ունեցել բողոքի ակցիայի օրը.

«Իջել ենք Ամիրյան փողոց, քանի որ այն փակ էր։ Երբ իջանք, երթը բարձրանում էր դեպի Սարյան փողոց, հետո չգիտեմ՝ ինչ եղավ, երթը պտտվեց և դեպի մեր ուղղությամբ։ Այդ ընթացքում արդեն սկսվեց բերման ենթարկելու պրոցեսը։ Երթը շարժվում էր ոչ թե մայթերով այլ երթևեկելի հատվածով։ Փորձեցի սկզբում բերման ենթարկել Սերգեյ Ասատուրովին, չկարողացա, ինքը մեզ բրդում էր, իրեն էլ ժողովուրդն էր քաշում։

Հետո փորձեցինք Լևոն Քոչարյանին բերման ենթարկել, մի պահ ընկավ գետնին, փորձում էինք բարձրացնել, ոտքից հարվածեց, հետո մի կերպ տարանք ավտոմեքենան, այնտեղ էլ չկարողացանք նստեցնել մեջը, հետո փորձեցինք մեր մյուս ավտոմեքենայի մեջ նստեցնել։ Ես նստել եմ մեքենայի առաջը, Լևոն Քոչարյանը սկսեց կտրուկ շարժումներ անել, հայհոյանքներ հնչեցնել, ուսիս հարված եմ ստացել, որից հետո ասել եմ, որ ինքն իրեն հանգիստ պահի ու շարժվել ենք ոստիկանական բաժին։ Միայնակ դժվար կարողանայի բերման ենթարկել Լևոն Քոչարյանին։ 6 թե 7 հոգով ենք բերման ենթարկել Լևոն Քոչարյանին»,- պատմեց նա։

Հարցին՝ արդյո՞ք հետևանք ունեցել է Լևոն Քոչարյանի կողմից իրեն հարվածելը, բերետավորն ասաց. «Հարվածից ֆիզիկական ցավ զգացել եմ, բայց դա հետագայում անցել է»։

Նշենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։

Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր