00:00:00

Սյունիքում երկու եղբայրներից մեկի սպшնության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

17:08, 16 հոկտեմբեր 2024 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

«2024 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրու բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա և 36-ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024 թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41–ամյա տղամարդը 2024 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Մասնավորապես, 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ-ն, Գ․ Ա-ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղույս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝ 41-ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36-ամյա տղամարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․-ի, և Գ․Ա․-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

 Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

 Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր