ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Շիրակի փ․)։
Մասնավորապես՝
սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն,
արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ,
շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության դեպքում ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով ցամաքեցվել,
պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
առաստաղի մակերևույթի մի հատվածը ապահով չի եղել, ինչը նպաստել է առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությանը ու խոնավության խտացմանը,
սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը գտնվել են ոչ բարվոք վիճակում,
սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։