00:00:00

Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին

11:59, 01 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա միջազգային համաժողովը՝ «Mining Armenia Forum»-ը, միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համաժողովի բացման իր ելույթում նշել է, որ Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի  առանցքային մասնաբաժինայն մեր երկրի արդյունաբերության և արտահանման կարևորագույն ուղղություններից մեկն էՈլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն  է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերներըզարգացման հեռանկարներն ու հնարավորություններըայլ նաև կայուննորարար տեսլական ձևավորելու համար»,-ընդգծել է նախարարը:

«Ժամանակակից հանքարդյունաբերություն․ մարտահրավերներ և հնարավորություններ․ Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում» խորագրով համաժողովի կազմակերպիչը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն էր, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։

«Հայաստանի տնտեսության համար հանքարդյունաբերությունը առաջմղիչ և հեռանկարային ուղղություն է, և մեր երկիրն ունի զարգացման, ներդրումների ներգրավման, ոլորտի արդիականացման չիրացված մեծ ներուժ։ Միավորելով ոլորտի տեղական և միջազգային փորձագիտական միտքը՝ մենք ցանկանում ենք լուծումներ առաջարկել Հայաստանում կայուն և նվազագույն ռիսկերով հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար»,-ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Համաժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը՝ տնտեսության մեջ պղնձի դերի համատեքստում։

«Այսօր նավթ և գազ չունեցող երկրները, ինչպես օրինակ Հայաստանը, մրցակցային հնարավորություն են ստացել, որ նախկինում չեն ունեցել։ Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում։ Մինչև 2050 թվականը էլեկտրական մեքենաներով հագեցվածության գլոբալ նպատակին հասնելու համար տարբեր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 80 տոկոսով ավելացնել պղնձի համաշխարհային արտադրությունը», - նշել է Ռոման Խուդոլին` ավելացնելով, որ ԶՊՄԿ-ն համաժողովին աջակցում է ոլորտի միջազգային լավագույն փորձն ու նորագույն զարգացումները Հայաստան բերելու և կիրառելու նպատակով:

«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն ԶՊՄԿ-ի, ԵՊՀ-ի և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև, որով կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Միջոցառմանն աջակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը, «Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը, «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունը և «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր