00:00:00

Սիրելի' ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենիքը նոր ցնցումներից. Վեհափառ

20:21, 28 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր տեղի ունեցած Սրբալույս Մյուռոնօրհնության վերջում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել հայ ժողովրդին:

 

«Ով օծվի սրանով, երկյուղաց պիտի դառնա Աստծուց և անվախ թշնամուց։

Սիրելի բարեպաշտ հավատացյայներ, փառք ենք վերառաքում Աստված, որ շնորհը պարգևեց մեզ Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ կատարելու սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Թող Աստծո բարեգութ կամքով նորօրհնյալ սրբալույս մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորություն պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին։

Հավատակերտ ժամանակներից ի վեր՝ փրկության սուրբ լեռն Արարատ և Մայր Տաճարը դարձան սրբազան և անջնջելի խորհրդանիշ մեր հավատքի ամրության և մեր հավերժ լինելիությանը։

Մյուռոնօրհնության աղոթքի ազդու այս խոսքերն են այսօր մեծ ուժականությամբ հնչում՝ ի լուր ամենքիս։ Մեր հայրերի պատգամն է ուղեկցել մեր ժողովրդին պատմության ողջ ընթացքում, զորացրել՝ ապրելու Աստծո սիրո երկյուղով, արիացրել թշնամյաց դեմ պայքարներում, քաջալերել՝ լինելու պաշտպան սրբազան արժեքներին, մեր ինքնության և նվիրյալ Հայրենիքին ծառայության։

Սրբալույս մյուռոնը դարեդար միմյանց է միավորել Հայրենիքն ու Սփյուռքը, մյուռոնով մենք մեկ ազգ ենք ու մեկ եկեղեցի, այսօր էլ Սուրբ մյուռոնը, նվիրապետական աթոռի գահակալների, թեմական առաջնորդների միջոցով ընծայվելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին, վերստին ամրապնդում է ի հոգևորս անլուծանելի մեր միասնականությունը։

Աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով ու հակառակություններով, որոնք խաթարում են ներդաշնակությունն ընտանեկան կյանքում, մարդկային հարաբերություններում, և հասարակության մեջ սերմանում թշնամանք ու անհանդուրժողականություն, հրահրում պատերազմ, արհավիրքներ։ Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և վերհառնումի հրամայականի առջև։ Մենք հավատում ենք՝ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարությունն ու իրավունքի հաստատելու ձգտումը։

Այս արարողությամբ վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր եկեղեցիներին՝ ի դեմս մեզ աղոթակից եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչների, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին, յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։

Այդ բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա մտահոգությունները, առավել ամրապնդել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել Հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։

Առ Աստված ապավինությունը, հույսը խարիսխ ու զորություն են մեզ պատուհասած արհավիրքների վերհառնումի։ Թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն՝ ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականությամբ, բարօր գալիքը կառուցելու հաստատակամությամբ։

Հայրապետական մեր հորդորն ու պատգամն է մեր զավակներին՝ հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան։

Ով օծված է սրբալույս մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։

Հայրապետական մեր հորդորն է ձեզ՝ սիրելի արցախահայեր, աննկուն դիմագրավեք նեղությունն ու դժվարությունը։ Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ժողովրդի հանդեպ․ ազգովի հետևողական պիտի լինենք հայրենի բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու ձեր իրավունքի պահանջատիրության մեջ, այս սուրբ խորանից մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ։

Հավատում ենք մեր ազգի ներքին ուժականությանն ու մեր ժողովրդի վերհառնումին, մեր լուսավոր ու հաղթական գալիքին։

Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում արարողությանը մասնակից եկեղեցական, պետական քաղաքական, դիվանագիտական գործիչներին, ազգային բարերարներին և ուխտավոր հավատացյալներին։

Թող Սուրբ մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Սուրբ Լուսավորչի հավերժ կանթեղը այսօր և միշտ և հավիտյանս ամեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր