00:00:00

Առաջին անգամ Կարմիր բլուրում հայտնաբերվում են նման դամբարաններ. Միքայել Բադալյան

22:01, 25 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական «Էրմիտաժ» թանգարանի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն:

Ներկայումս ընթացող պեղումներն ընթանում են 2023 թվականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի թանգարանի և Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում:  2024 թվականի փետրվարի 14-ին պետական «Էրմիտաժ» թանգարանում բացվեց «Էրեբունի թանգարանի անկյունը»: Այդ օրը պետական «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ քննարկումների ժամանակ վերջնական համաձայնություն եկանք՝ վերակենդանացնել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբը:

Ներկայումս ընթացող պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսվել է արդեն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկվել է դամբանասալերով, այնուհետև դամբարանը պատվել է զրահով: Պետք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում հայտնաբերվում են առաջին անգամ:

Երեկ և այսօր պեղվեց գտնված դամբարաններից մեկը: Արդյունքները խիստ տպավորիչ են:

Բացվել է աջ կողմի վրա, կծկված վիճակում գտնվող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնավորություն, ըստ երևույթին՝ խիստ բարձր հեղինակություն ունեցող զինվորական: Այդ է վկայում նրա հետ դրված ուղեկցող նյութը:

Այսպես, հայտնաբերվել են վեց սափորներ՝ այդ թվում՝ մեկ ծորակավոր անոթ, բրոնզե նիզակ, բրոնզե խարսխաձև սակր, բրոնզե մանգաղատիպ դանակ, բրոնզե ապարանջան, երկաթե դաշույն, երկաթե «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրավ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղվել է շուրջ 300 դամբարան, բայց երբեք չէր գտնվել սակր: Հիմա մյուս հետաքրքիր դրվագի մասին: Ֆիքսվեց նաև հանդերձյալի բրոնզե «պորտյուպեն»՝ իր բրոնզե շրջանաձև ամրակապով: Ֆիքսվեցին փայտի և կտորների մնացորդներ:
Ելնելով պեղված նյութից և հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականորեն կարելի է թվագրել Ք. ա. 13-11-րդ դարերով:

 

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հռիփսիմե Հարությունյանին՝ պեղումներին աջակցելու համար, ինչպես նաև ՝ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնին Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն /Centre of geospatial technologies՝ դամբարանի վերջնական օդալուսանկարումը մեզ համար բարեկամաբար իրականացնելու համար»:

  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր