Մայր տաճարը գրեթե 6 տարի է, ինչ իր աղոթական դռները փակել էր հավատացյալների առջև։ Հիմա արդեն ավարտին են հասել Մայր տաճարի հիմնավերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել են հատակներից և ավարտվել մայր գմբեթի խաչով, լրագրողական շրջայցի ժամանակ պատմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Նրա խոսքով՝ ծխի ու մրի պատճառով աննկատ մնացած գեղեցկությունը տեսնելու հնարավորություն կա արդեն. «Ամեն ինչ պայծառացել է և մոտեցել այն գույնին, որն ի սկզբանե եղել է։ 6 տարի ամենօրյա քրտնաջան աշխատանք է կատարվել, որպեսզի այս շքեղ տաճարը նորովի մատուցեն հավատացյալ ժողովրդին։ Մայր տաճարում ոչ մի փոփոխություն չի կատարվել, ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել։
Ընդհակառակը՝ յուրաքանչյուր սուրբ սեղան, որ դարերի ընթացքում որոշակի փոփոխությունների էր ենթարկվել, ամրակայվել է և իր իսկ նախատեսված տեղում ամրացվել»։
Նա նաև տեղեկացրեց, որ Մայր տաճարն ամբողջությամբ բացվելու է։
«Յուրաքանչյուր գործ առանց ծախսերի չի լինում։ Երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն և հաշվետվությունները կազմվեն, այդ մասին կծանուցվի», - շեշտեց Սրբազանը՝ հավելելով, որ նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն եղել երբեք։
«Եթե շատ հեռուն գնանք, դա եղել է 1620-ական թվականներին Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։ Հետագայում էլ որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են տարբեր կաթողիկոսների ժամանակ, սակայն նմանատիպ աշխատանքներ չեն եղել»,-շեշտեց նա։
Հարցին՝ ովքեր են ֆինանսավորել վերանորոգման աշխատանքերը՝ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց.«Ինչպես տեղյակ եք, հայտարարվել է համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակը եղավ, պատերազմը սկսվեց և Հայոց Հայրապետը որոշեց, որ մասսայական դրամահավաք չիրականացվի, որպեսզի այդ բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, հայոց բանակ ու կարիքավորներ։ Կարող եմ միայն տեղեկացնել, որ կան մեկ տասնակի հասնող հիմնական բարերարներ և համաժողովրդական հանգանակություն։ Եղել են մարդիկ, ովքեր իրենց ֆիզիկական ուժով են ցանկացել օգտակար լինել»։